
Աղաս Մանուկյանին այս անգամ էկրանին չենք տեսնի։ Դերասանական նախագծերին սովոր Աղասը որոշել է այս անգամ հայտնվել կադրի մյուս կողմում՝ ամբողջությամբ կենտրոնանալով պրոդյուսերի աշխատանքի վրա։
Նրա առաջին պրոդյուսերական նախագիծը «Բարի Գալուստ» սիթքոմն է, որի պրեմիերան Shant TV-ի եթերում նախատեսված է հոկտեմբերի 20-ին։Սիթքոմի ամբողջ նկարահանման գործընթացն իրականացվել է Հունաստանում։
Նախագծում հանդես են գալիս Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։
Աղաս Մանուկյանը «Բարի Գալուստում» որոշել է չնկարահանվել։ Որոշումն, ինչպես ինքն է ասում, գիտակցված էր․ ցանկանում էր ամբողջ ուշադրությունը տրամադրել նոր դերին և նախագիծն իրականացնել այնպես, ինչպես պատկերացրել էր։
Այս նախագիծը նրա համար հնարավորություն է եղել առաջին անգամ ամբողջությամբ իրականացնել սեփական պատկերացմամբ ստեղծագործական աշխատանք։
Սիթքոմի գաղափարը Կառլեն Առաքելյանի առաջարկն է։ Նա Akva Buildings-ի համասեփականատերն է։ Հունաստանում գործող ընկերությունը զբաղվում է բնակելի շենքերի և հյուրանոցների կառուցմամբ։
Հենց հյուրանոցային միջավայրն էլ դարձել է պատմության հիմքը։
Ի՞նչ կլինի, եթե նույն վայրում հայտնվեն տարբեր բնավորություններով մարդիկ՝ տնօրեն, մաքրուհի, բարմեն, ադմինիստրատոր և այլ աշխատակիցներ։ Այս հարցի շուրջ էլ ձևավորվել է սիթքոմի պատմությունը։
Դերասանական կազմի ձևավորմանը Աղասը ևս անմիջական մասնակցություն է ունեցել։ Քասթինգն անցկացրել է ռեժիսոր Արման Մելիքյանի հետ, սակայն դերասանների մասին պատկերացումները նրա մոտ ավելի վաղ էին ձևավորվել։
Պարզվում է՝ սցենարը գրելիս նա արդեն որոշ կերպարների համար կոնկրետ դերասանների էր պատկերացնում։
Սցենարի համահեղինակներն են Հայկ Սարգսյանն ու Արտակ Վասիլյանը, իսկ ռեժիսորը՝ Արման Մելիքյանը։
«Բարի Գալուստի» նկարահանումների ամբողջ ընթացքը կազմակերպվել է Հունաստանում։ Աղասի խոսքով՝ նկարահանման օրերը բավականին թեթև ու լավ են անցել։
Իսկ հումորը նախագծի միակ ուղերձը չէ։ «Բարի Գալուստը» պատմելու է նաև այն մասին, թե ինչպես է բարին հաղթում չարին, իսկ կոնֆլիկտներով սկսված հարաբերությունները կարող են ավարտվել բոլորովին այլ կերպ։
«Մեր պարագայում խոսքն աշխատակազմի մթնոլորտը փչացնողի մասին է։ Ի վերջո, մեր սիթքոմում բոլորը, անկախ վեճերից, դառնում են մեկ ընտանիք»։
Թեև «Բարի Գալուստի» առաջին եթերաշրջանը դեռ չի մեկնարկել, ստեղծագործական թիմն արդեն մտածում է շարունակության մասին։
Երկրորդ եթերաշրջանը նախատեսվում էներկայացնել 2027 թվականին։
Իսկ մինչ այդ «Բարի Գալուստը» առաջին անգամ կհանդիպի իր հեռուստադիտողին հոկտեմբերի 20-ին՝ Shant TV-ի եթերում։










