Երևանը հյուրընկալեց «Դասական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանը՝ մրցանակակիրների եռյակում
Երևանում հունիսի 6-ին կայացած «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Հայաստանը ներկայացնող 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Մրցույթը հյուրընկալվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ 

Միհալ Ստոչելը կատարել է Միկոլայ Մայկուսիակի ակորդեոնի համար գրված դասական կոնցերտը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյանը՝ ներկայացնելով Էմանուել Սեժուռնինի «Կոնցերտ մարիմբայի և լարայինների համար» ստեղծագործությունը։

Հայաստանի պատվիրակ Էլեն Վիրաբյանը հանդես է եկել Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտ»-ով և զբաղեցրել երրորդ տեղը։

Այս տարվա մրցույթին մասնակցել են երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից։ Մասնակիցները հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, իսկ համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Մրցույթի հաղթողը որոշվել է միջազգային ժյուրիի քվեարկությամբ։ Ժյուրիի կազմում ընդգրկված էին գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանը առաջին անգամ ներկայացվել է 2012 թվականին, երբ մրցույթին մասնակցել էր քանոնահար Նարեկ Կազազյանը։ Երկրորդ մասնակցությունը գրանցվել է 2024 թվականին՝ հոբոյահար Հայկ Հեքեքյանի մասնակցությամբ։

«Դասական Եվրատեսիլ 2026»-ն անցկացվել է «Հայաստան․ վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է» կարգախոսի ներքո։ Մրցույթի հիմքում եղել են հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշները, իսկ միջոցառումը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։

‍

Լուսանկարները՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության

Հեղինե Սարգսյան
June 6, 2026
Երևանը հյուրընկալեց «Դասական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանը՝ մրցանակակիրների եռյակում Yerevany hyurnkalec «Dasakan Yurotesil 2026»-y. Hayastany՝ mrcanakakirneri eryakum
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Առաջիկա հայկական պրեմիերաները․ 11 ֆիլմ, որ արժե պահել ուշադրության կենտրոնում
Թրիլլերից մինչև ռոմանտիկ կատակերգություն․ ներկայացնում ենք հայկական ֆիլմերը, որոնք առաջիկա ամիսներին և տարիներին կհայտնվեն մեծ էկրաններին։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Բրյունետն այս տարի չի մասնակցի Coca-Cola Fest-ին
Երգչուհու պրոդյուսեր Նարե Մանուկյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ հաստատելով լուրը։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառ 2026»-ը մեկնարկում է Թալինում. հայտնի է, թե ովքեր ելույթ կունենան
Երաժշտական փառատոնը կմեկնարկի հուլիսի 18-ին Թալինում՝ ազատ մուտքով։
Կարդալ Ավելին