
«Շարմ Հոլդինգ»-ն ու Mitoyan Production-ը ներկայացնում են «Մեկին մեկ» նոր կատակերգական ֆիլմը, որի կենտրոնում բավական անսովոր պայմաններում հայտնված երիտասարդ է։
Ֆիլմի գլխավոր հերոսը փորձում է 45 հազար դոլար վաստակել, որպեսզի օգնի ընկերոջը փակել վարկերը։ Գումարը ձեռք բերելու համար ընկերոջ առաջարկով նա դիմահարդարման միջոցով փոխում է իր արտաքինն ու սկսում հանդես գալ Արկադի Դումիկյանի կերպարով։
Այդ պահից հերոսի համար սկսվում է մի իրավիճակ, որտեղ ուրիշի կերպարանքով ներկայանալը վերածվում է մի շարք զավեշտալի իրավիճակների։
Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, որի ֆիլմագրության մեջ են «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից», «Պոկեր.am», «Հյուսիս-հարավ» և «Ռոզալի» կատակերգությունները։
Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը և Դավիթ Բաբախանյանը։
Ֆիլմի դերասանական կազմում են Ռոբերտ Մարտիրոսյանը, Զիրոյանը, Գոհար Ավետիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը և Արկադի Դումիկյանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Ջաղինյանը, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։
«Մեկին մեկ» ֆիլմի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 24-ին՝ կինոթատրոններում։