
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրանում է Միշոյի «Իմ լեզուն» ալբոմի թողարկման 15 տարին։ 2011 թվականին լույս տեսած ձայնասկավառակը ռեփերի չորրորդ անհատական ալբոմն էր։
«Իմ լեզուն»-ում ընդգրկված է 18 ստեղծագործություն՝ շուրջ 72 րոպե ընդհանուր տևողությամբ։ Ալբոմի թողարկման օրը Երևանում կազմակերպվել էր նաև դրա շնորհանդեսը, որի ընթացքում Միշոն կենդանի կատարմամբ ներկայացրել էր նոր երգերից մի քանիսը։
Ինչպե՞ս ստեղծվեց ալբոմը
«Իմ լեզուն»-ի թողարկումից մեկ օր անց՝ 2011 թվականի նոյեմբերի 16-ին, BRAVO.am-ին տված հարցազրույցում Միշոն պատմել էր, որ սկզբում նախատեսել էր ալբոմում ընդգրկել 22 ստեղծագործություն։ Սակայն հետագայում որոշել էր դրանցից չորսը դուրս թողնել՝ վերջնական տարբերակում պահպանելով 18 երգ։
Նույն հարցազրույցում ռեփերը ձայնասկավառակը բնութագրել էր որպես իր կյանքի նոր փուլի արտահայտություն։ Նրա խոսքով՝ ալբոմները սովորաբար արտացոլում են ստեղծագործողի տվյալ ժամանակահատվածի հոգեվիճակը։
Անդրադառնալով «Իմ լեզուն»-ի երաժշտական ուղղությանը՝ Միշոն նշել էր, որ այն ավելի չոր և ագրեսիվ է, քան իր նախորդ աշխատանքները։
Ստեղծագործական թիմն ու համագործակցությունները
Ալբոմի ստեղծման աշխատանքներում կարևոր դեր է ունեցել դիջեյ Սերժոն, որին գործիքավորումների հարցում աջակցել է Ալմո Բիթը։ Ձայնասկավառակի ձևավորմամբ զբաղվել է Վահան Ստեփանյանը։
«Իմ լեզուն»-ում ընդգրկված են նաև մի շարք համագործակցություններ։ Էմմին մասնակցել է «Մութ ա», Սաշը՝ «Հանգիստ եմ տանում», իսկ 3.33 խումբը՝ «3 խնձոր» ստեղծագործություններին։ Ալբոմում տեղ են գտել նաև Գոգայի մասնակցությամբ «Չիմանայիր» և Արարատ 94-ի հետ ձայնագրված «Գազ տու քոնը» երգերը։
Առանձնահատուկ համագործակցություններից էր դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ «Ո՞վ եմ ես» ստեղծագործությունը։
2011 թվականին BRAVO.am-ի հետ զրույցում Սերժոն նշել էր, որ նոր ձայնասկավառակում ներկայացված են երաժշտական այլ ուղղություններ և առանձնացող զուգերգեր։ Նա հատկապես ընդգծել էր Տիգրան Համասյանի հետ համագործակցությունը՝ «Ո՞վ եմ ես»-ը համարելով Միշոյի ոճի համար նոր ուղղություն։

Լոս Անջելեսին նվիրված ստեղծագործությունը
Ալբոմի երգերից մեկը՝ «Ստէ ու նդէ»-ն, նվիրված էր Լոս Անջելեսին։
2011 թվականին Միշոն հաճախ էր այցելում Միացյալ Նահանգներ։ BRAVO.am-ի հետ զրույցում ռեփերը պատմել էր, որ այնտեղ հիմնականում մեկնում էր գործնական հարցերով, սակայն առանձնահատուկ համակրանք ուներ Լոս Անջելեսի նկատմամբ։
Նա նաև նշել էր, որ քաղաքին նվիրված հատուկ երգ է ընդգրկել նոր ձայնասկավառակում։
Ալբոմի շնորհանդեսը՝ 2011 թվականի նոյեմբերի 15-ին
«Իմ լեզուն» ալբոմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011 թվականի նոյեմբերի 15-ին՝ Երևանի ակումբներից մեկում։
Միջոցառմանը ներկա էին ռեփերի երկրպագուներն ու մտերիմները։ Երեկոյի ընթացքում Միշոն կենդանի կատարմամբ ներկայացրել էր նոր ալբոմի մի քանի ստեղծագործություն, իսկ շնորհանդեսին հաջորդել էր երեկույթ։
BRAVO.am-ի հետ զրույցում ներկա երկրպագուները պատմել էին, որ երկար էին սպասել նոր ձայնասկավառակի թողարկմանը և այժմ անհամբերությամբ էին սպասում նաև Միշոյի մենահամերգին։
Այդ ժամանակ ռեփերն իսկապես նախատեսում էր դեկտեմբերին Երևանում մեծ մենահամերգ կազմակերպել։ Սակայն, նրա խոսքով, հիմնական դժվարությունը համապատասխան վայրի ընտրությունն էր։ Միշոն ցանկանում էր գտնել իր երաժշտական ոճին հարմար տարածք և հույս ուներ մինչև դեկտեմբեր հստակեցնել կազմակերպչական հարցերը։
Ալբոմի թողարկման շրջանում ռեփերը խոսել էր նաև նոր տեսահոլովակի ծրագրերի մասին։ Նա նշել էր, որ ձայնասկավառակում կան տեսահոլովակի արժանի բազմաթիվ երգեր, և նախատեսում էր դրանցից մեկի տեսահոլովակը ներկայացնել մինչև տարեվերջ։
«Իմ լեզուն» ալբոմի ամբողջական երգացանկը
