70 տարի եթերում․ Առաջին ալիքը ներկայացրել է հոբելյանական եթերաշրջանի նոր նախագծերը
Նոր պատմական սերիալ, վերադարձող հեռուստանախագծեր, նոր հաղորդավարներ ու ձևաչափեր․ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։

Հանրային հեռուստաընկերությունը պատրաստվում է հիմնադրման 70-ամյակին և սեպտեմբերի 21-ին մեկնարկող հոբելյանական եթերաշրջանին։ Առաջին ալիքը հրապարակել է նոր եթերաշրջանի թրեյլերը՝ բացելով առաջիկա ամիսների ծրագրի գլխավոր նորությունները։

Եթերաշրջանի խոշոր նախագծերից մեկը պատմական նոր բազմասերիանոց ֆիլմն է, որի առաջին պաշտոնական կադրերը ևս ներառվել են թրեյլերում։ Առաջին ալիքն այն ներկայացնում է որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալ։ Առաջին Հանրապետության տարիներ, մեկ դարաշրջան և երկու ընտանիք․ պատմության առանցքում անկախությունն է՝ որպես անձնական ընտրություն և ժողովրդի ու պետության ճակատագիր։ Սերիալի ռեժիսորն Արման Գևորգյանն է, պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը, իսկ դերասանական կազմում են Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանը, Հրանտ Հովսեփյանը, Վարուժան Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Յուլիա Ֆինկը և այլք։

Հոբելյանական եթերաշրջանը նաև մի քանի հայտնի նախագծերի վերադարձ է նշանավորում։ Նոր եթերաշրջանով վերադառնում է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը, իսկ «Նոտա նոտա»-ն այս անգամ կվարի Ներսես Ավետիսյանը։ Երաժշտական ուղղությունը համալրում է նաև «Մենահամերգ Առաջինում» նախագիծը, որի շրջանակում ելույթ կունենան սիրված արտիստներ։

Նոր ձևաչափերից է Վարուժան Մարգարյանի «Դեպքի վայրում» նախագիծը։ Հանցագործությունների շուրջ կառուցված հաղորդման ընթացքում հայտնի հյուրերը հենց դեպքի վայրում կներկայացնեն կատարվածի շարժառիթների վերաբերյալ իրենց վարկածներն ու կփորձեն բացահայտել հանցագործությունը։

Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի թիմին է միանում նաև Մադոննա Հարությունյանը՝ «Շապիկին» նախագծով, որի կենտրոնում կինն է՝ իր տարբեր կերպարներով, ոճերով և անցած ճանապարհով։

Հոբելյանական եթերաշրջանի նորություններից է նաև Առաջին ալիքի՝ արհեստական բանականությամբ ստեղծված առաջին հաղորդավարը, որը եթերում հանդես կգա հաղորդավար Համլետ Առաքելյանի կողքին՝ որպես նրա օգնական։

Նոր առաջարկների շարքում են նաև «Հայաստանը վերևից» նախագիծը՝ Հայաստանը վերևից բացահայտելու հնարավորությամբ, և «Ավելի շատ գրականություն»-ը՝ հայ և համաշխարհային գրականության շուրջ զրույց-բանավեճերով։ Մանկական բովանդակությունն էլ կհամալրվի ժողովրդական առակների մոտիվներով ստեղծված նոր անիմացիոն ֆիլմերի ընտրանիով։

Ծրագրում ներառվել են նաև արտասահմանյան սերիալներ․ Առաջին ալիքը հայերեն կներկայացնի «Մաքսիմա» բազմասերիանոց նախագիծն ու կոլումբիական «Սուրճ՝ կնոջ բուրմունքով» սերիալը։

Նորությունների կողքին հոբելյանական եթերաշրջանը պահպանում է Առաջին ալիքի արդեն ձևավորված նախագծերի մի մասը։ Շարունակվելու են «Հանդիպում Առաջինում», «Առավոտ լուսո», «Կարևոր գործ», «Սպասիր ինձ», «Հայաստանի մարդիկ», «Եղիր առողջ», «Ծնողական ժողով» և այլ հաղորդումներ։

Առաջին ալիքի 70-ամյակին նվիրված հոբելյանական եթերաշրջանի մեկնարկը սեպտեմբերի 21-ին է։

September 17, 2026
hanrayin herustaynkerutyun telman khachatryan arajin aliq varuzhan margaryan hrant hovsepyan nerses avetisyan hamlet arakelyan madonna harutyunyan
Այլ Նորություններ
TV
Kinodaran-ի 11-ը կարող է վերադառնալ
Kinodaran-ի գործադիր պրոդյուսերի ինստագրամյան story-ն նոր քննարկումների առիթ է դարձել։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
ԲԱՑԱՌԻԿ․ Նոր կադրեր «Ճերմակ շապիկ»-ի նկարահանման հրապարակից
MONK3-ը ֆիլմի սեպտեմբերյան պրեմիերային ընդառաջ POP անկյունին տրամադրել է բացառիկ լուսանկարներ։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է
MONK3 Production-ը ներկայացրել է Թելման Խաչատրյանի և Մերի Քոչարյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի նոր թրեյլերը։
Կարդալ Ավելին