
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Անկախություն» պատմական հեռուստասերիալի նոր թիզերը՝ ազդարարելով նախագծի առաջիկա պրեմիերան։
Տեսանյութը հրապարակվել է հեռուստաընկերության նորաստեղծ՝ «Առաջին կինոալիք» էջում։ Առաջին ալիքը 16 մասից բաղկացած նախագիծը ներկայացնում է որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալ։
«Անկախության» իրադարձությունները ծավալվում են Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին՝ երկու ընտանիքների պատմության միջոցով անդրադառնալով անկախության գաղափարին, անձնական ընտրությանը և պետության ու անհատի փոխհարաբերություններին։
Սերիալի ռեժիսորն Արման Գևորգյանն է, պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանն ու Հրանտ Հովսեփյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Վարուժան Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Յուլիա Ֆինկը և այլք։
«Անկախության» պրեմիերան նախատեսված է Առաջին ալիքի աշնանային եթերաշրջանում։

