Ասա ՝ ինչ կա փլեյլիստումդ, կասեմ՝ ով ես դու․ Ի՞նչ է պատմում մեր մասին Apple Music-ի թոփ 10-ը
Երբևէ բռնացրե՞լ ես քեզ այն մտքի վրա, որ քո անհատական երաժշտական ճաշակը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Մենք կարող ենք փակվել մեր սեփական փլեյլիստների «փուչիկում», բայց հենց դուրս ենք գալիս փողոց, պատկերը լրիվ այլ է։ Բավական է ընդամենը մեկ հայացք գցել Apple Music-ի տեղական թոփ 10-ին՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է լսում ՀԱՅԱՍՏԱՆԸ։
Ռուսական շոու-բիզնեսի անխախտ գերիշխանությունը.

Չարթի առաջին հորիզոնականն ու տասնյակի մեծ մասը կայուն զբաղեցրել են ռուսալեզու արտիստները։ Ժամանակակից հիփ-հոփն ու կալյանային ռեփը՝ ի դեմս MACAN-ի, տարիներ շարունակ մնում են երևանյան մեքենաների ու ականջակալների անփոխարինելի մասը։ Սա լեզվի պարզ տիրապետման հարց չէ։ ԱՊՀ ընդհանուր մեդիատիրույթն ու տեղի երիտասարդության մի մասը նույնականանում են ռուսական «պացանական» մշակույթի թեմաների հետ՝ մեքենաներ, փողոցային կյանք և բարդ հարաբերություններ։

Այս միջավայրում նման կոնտեքստ պարունակող երգերը ավելի հեշտ են հասնում թոփ, հատկապես երբ խաղի մեջ է մտնում էթնիկ գործոնը։ Առաջին հորիզոնականում հայտնված Xcho-ի «Шадэ» ստեղծագործության հաջողությունը դրա վառ ապացույցն է։ Ռուսական մեծ շուկայում հաջողած հայ արտիստները հայրենիքում ընկալվում են որպես սեփական հաջողության պատմություն, ինչը նրանց սթրիմները կրկնապատկում է տեղական չարթերում։

Լեզվական արգելքների անհետացումը. Թուրքալեզու Afro House-ի ֆենոմենը.

Քաղաքական թեժ հայտարարություններն ու էթնիկական կոնֆլիկտները լռում են, երբ միանում են սոցցանցերի ալգորիթմները։ Երկրորդ հորիզոնականում "Beni Al" երգի Afro House ռեմիքսի հայտնվելը զուտ երաժշտական ճաշակի արդյունք չէ։ Սա TikTok-ի և Reels-ի բացարձակ հաղթանակն է բովանդակության նկատմամբ։

Ժամանակակից լսարանը հաճախ սպառում է ոչ թե լեզուն կամ կոնկրետ ազգության արտիստին, այլ վիրուսային դարձած մեղեդին։ Afro House-ի ռիթմերը հիմա երևանյան ժամանցի վայրերի, փաբերի ու մեքենաների գլխավոր հնչյուններն են։ Կարող ենք ենթադրել, որ սոցցանցերի թրենդային էֆեկտը ջնջում է աշխարհագրական ու քաղաքական բոլոր սահմանները։

Հայկական շուկայի դատարկությունը և միակ բացառությունը.

Տասը երգից միայն մեկն է հայալեզու։ 5-րդ հորիզոնականում Kami Friends-ի և Իվետա Մուկուչյանի «Ախ չգիտեմ»-ն է, որը Նունե Եսայանի նույնանուն երգի cover տարբերակն է։ Այս թրեքի հայտնվելը չարթերում ապացուցում է, որ արդիական ու պարային հայկական փոփ երաժշտության պահանջարկը երիտասարդության շրջանում շարունակում է աճել։ Երբ շուկա է մտնում արևմտյան մոտիվներով ու ֆոլկ-փոփ տարրերով պրոդուկտ, լսարանը սիրով այն հասցնում է թոփ հորիզոնականներ։ Մարինե Գյուլումյանի երաժշտությունը և Ավետ Բարսեղյանի խոսքերը ստեղծել են հնարավորություն բարձր հորիզոնականներ գրավելու։ 

Միևնույն ժամանակ, սա նաև ինդուստրիայի թույլ կողմի ցուցիչն է. նման տեղական պրոդուկտը քիչ է։ Հայ արտիստների մեծ մասը շարունակում է կենտրոնացած մնալ կա՛մ 6/8-ի, կա՛մ հարսանեկան-կորպորատիվ ֆորմատի վրա։ Այդ երգերը բարձր դիտումներ են հավաքում կամ հնչում են խնջույքներին, բայց մարդիկ դրանք գրեթե չեն ներբեռնում իրենց անհատական Apple Music փլեյլիստներում՝ ամեն օր լսելու համար։

Ալգորիթմների անմահությունը. Մայքլ Ջեքսոնը չարթերում.

8-րդ հորիզոնականում տասնամյակների պատմություն ունեցող "Billie Jean"-ն է։ Մայքլ Ջեքսոնի ներկայությունը ժամանակակից հիթերի կողքին բացատրվում է սմարթ-փլեյլիստների մեխանիկայով։ Apple Music-ի ավտոմատացված համակարգերը հաճախակի թարմացնում են թրենդային հին երգերի ցանկերը։

Որևէ հին հիթի հայտնվելը հանրահայտ սերիալում, ֆիլմում կամ սոցցանցերի նոր թրենդում ակտիվացնում է համաշխարհային ալգորիթմները։ Արդյունքում, համակարգն ինքնաբերաբար սկսում է երգն առաջարկել տեղական օգտատերերին՝ հին դասականին ապահովելով նոր կյանք և բարձր հորիզոնականներ ընթացիկ չարթերում։

Հայկական Apple Music-ի թոփ 10-ը հասարակության մշակութային հայելին է։ Այն փաստում է, որ տեղական երաժշտական արդյունաբերությունը չի հասցնում բավարարել երիտասարդ սպառողի ժամանակակից պահանջները։ Քանի դեռ հայկական մեդիադաշտը չի առաջարկում բավական քանակի որակյալ այլընտրանք, լսարանը շարունակելու է ձևավորել իր ճաշակը ռուսական ռեփի, գլոբալ վիրուսային թրենդների ու ալգորիթմների թելադրանքով։

Հեղինե Սարգսյան
July 2, 2026
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
«Այլևս չեմ մասնակցի որևէ ազգային ընտրության». Աթենա Մանուկյանը՝ «Եվրատեսիլ»-ի մասին
Երգչուհին հայտարարել է, որ ապագայում կդիտարկի միայն ուղիղ ընտրության տարբերակը։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառը» վերադառնում է․ հայտնի են այս տարվա առաջին կանգառները
Փառատոնային նախագիծն այս ամառ կայցելի Հայաստանի երեք մարզ։
Կարդալ Ավելին
MUSIC
Սկրիպտոնիտը համերգ կտա Երևանում
Ռեփ արտիստը 2027 թվականի փետրվարի 14-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կարդալ Ավելին