
Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցի օրը, իր եթերում Թաթա Սիմոնյանի ժամանցային համերգը հեռարձակելու համար։ Ցուցադրությունը քննարկումների և քննադատության առիթ էր դարձել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։
Սեպտեմբերի 28-ին տարածած հայտարարությունում Հանրայինն ընդունել է կատարվածի պատասխանատվությունը՝ նշելով.
«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը»։
Հեռուստաընկերությունը նաև հայտնել է, որ չի փորձի տեղի ունեցածը բացատրել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով և վերանայում է համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Մինչ Հանրայինի հայտարարությունը կատարվածին անդրադարձել էր նաև Թաթա Սիմոնյանը։ Երգիչը նշել էր, որ սեպտեմբերի 27-ին համերգի ցուցադրումն անթույլատրելի էր, և ներողություն էր խնդրել կատարվածի համար։ Միաժամանակ նա պարզաբանել էր, որ համերգը Հանրային հեռուստաընկերության սեփականությունն է և հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։
Սիմոնյանն իր հրապարակումն ավարտել էր՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։