Ի՞նչ դիտել հանգստյան օրերին․ հայկական 6 ֆիլմ ու սերիալ
Սպորտային դրամաներից ու ժամանակի միջով սիրո պատմությունից մինչև նոր կինոպրեմիերա․ հայկական 6 ֆիլմ ու սերիալ՝ հանգստյան օրերի համար։

Հանգստյան օրերը լավ առիթ են նոր սերիալ սկսելու, վաղուց հետաձգած ֆիլմը վերջապես դիտելու կամ արդեն ծանոթ պատմությանը վերադառնալու համար։ POP անկյունն առանձնացրել է հայկական վեց նախագիծ՝ տարբեր ժանրերով ու տրամադրությամբ։

Ցանկում տեղ են գտել ինչպես վերջին տարիների սերիալներ, այնպես էլ այս օրերին մեծ էկրանին ցուցադրվող նոր ֆիլմ։

«Ճերմակ շապիկ»

Ցանկի ամենաթարմ առաջարկը MONK3 Production-ի առաջին գեղարվեստական ֆիլմն է՝ Մերի Քոչարյանի և Թելման Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ։

Պատմության կենտրոնում Մարկն է, որի կյանքը մեկ ճակատագրական գիշերից հետո կտրուկ փոխվում է։ Պատժից խուսափելու համար երիտասարդը հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ ծանոթանում է երկար ժամանակ այնտեղ ապրող Սալլիի հետ։ Նրանց հանդիպումը սկիզբ է դնում սիրո, ազատության, պատասխանատվության և սեփական սխալների հետևանքների մասին պատմության։

Եթե մյուս առաջարկները կարելի է դիտել տանը, «Ճերմակ շապիկ»-ը հնարավորություն է նաև հանգստյան օրերին կինոթատրոն գնալու․ ֆիլմն այս պահին ցուցադրվում է Հայաստանի բոլոր կինոթատրոններում։

«11»

Եթե հանգստյան օրերին պատրաստ եք մի քանի սերիա իրար հետևից դիտել, Kinodaran-ի «11»-ը 12 մասից բաղկացած սպորտային դրամա է։

Երբեմնի հաջողակ ֆուտբոլիստի կարիերան ավարտվում է վնասվածքից հետո, իսկ հետագա խնդիրները նրան հասցնում են անչափահասների գաղութ, որտեղ նա սկսում է աշխատել որպես ֆուտբոլի մարզիչ։ Ֆուտբոլն այստեղ պատմության միայն մի մասն է․ սերիալն անդրադառնում է երկրորդ հնարավորությանը, պատասխանատվությանը և սեփական անցյալի հետ առերեսվելուն։

Նիկոլայ Հայրապետյանի սերիալի գլխավոր դերակատարն է Սոս Ջանիբեկյանը, դերասանական կազմում են նաև Տաթև Հովակիմյանը, Լևոն Հախվերդյանը, Էմմա Մանուկյանը, Արամ Կարախանյանը և այլք։

«Ռաունդ»

Եվս մեկ Kinodaran Original՝ այս անգամ բռնցքամարտի աշխարհում։

Սպորտային դրամայի կենտրոնում Արթուր Արևյանն է, որը 15 տարվա անարդար բանտարկությունից հետո փորձում է վերադառնալ իր նախկին կյանքին։ Նրան սպասում է ոչ միայն վերադարձ սպորտ, այլև որդու հետ հարաբերությունները վերականգնելու և անցյալի չպարզված իրադարձությունների պատասխանները գտնելու ճանապարհ։

«Ռաունդ»-ը հատկապես նրանց համար է, ովքեր փնտրում եք լարված, արագ զարգացող պատմություն, որտեղ սպորտային դրաման աստիճանաբար միահյուսվում է ընտանեկան հարաբերություններին ու անցյալի գաղտնիքներին։

Դերասանական կազմում են A.Chilla-ն, MAMBA-ն, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը, Լևոն Հախվերդյանը, Դավիթ Աղաջանյանը և այլք։

«Սիրելի Սահմի»

Իսկ եթե ցանկանում եք ավելի թեթև ֆանտաստիկ տարրերով սիրո պատմություն, կարելի է վերադառնալ 2024 թվականի «Սիրելի Սահմի»-ին։

10 մասից բաղկացած պատմությունը հանդիպեցնում է երկու տարբեր ժամանակաշրջաններում ապրող մարդկանց։ 1840-ականներից մեր օրեր հայտնված Միհրանի և ժամանակակից աշխարհում ապրող աղջկա հանդիպման միջոցով սերիալը միավորում է ժամանակի ճամփորդությունը, սիրո պատմությունն ու երկու դարաշրջանների արժեքների բախումը։

Գլխավոր դերերը մարմնավորում են Սոս Ջանիբեկյանն ու Իննա Խոջամիրյանը։

«Երջանկության մեխանիկան»

Հրաչ Քեշիշյանի 16 մասից բաղկացած «Երջանկության մեխանիկան» պատմում է մարդկանց մասին, որոնց կյանքում համավարակն ու պատերազմը փոխել են մինչ այդ ծանոթ իրականությունն ու երջանկության մասին պատկերացումները։

Հերոսները փորձում են հասկանալ՝ հնարավո՞ր է արդյոք անցած փորձություններից հետո վերագտնել երբեմնի երջանկությունը և կառուցել դրա նոր «մեխանիկան»։

2021 թվականին Առաջին ալիքով ցուցադրված հեռուստանովելը նկարահանվել է Մանուկ Մնացականյանի 1982 թվականի «Մայրիշխանություն» վիպակի հիման վրա։ Գլխավոր դերերում են Նազենի Հովհաննիսյանը, Ռուբեն Մուրադյանը, Գրիգոր Աղախանյանը, Ներսես Ավետիսյանը և այլք։

«Սե.Լա.Վի»

Ցանկը եզրափակում է FrankFilms-ի դեբյուտային նախագիծը՝ 10 մասից բաղկացած «Սե.Լա.Վի»-ն։

Սերիալի կենտրոնում ժամանակակից կանայք են՝ իրենց հարաբերություններով, ընտրություններով, ազատության, սիրո և դրանց երբեմն ծանր հետևանքների հետ կապված պատմություններով։ Նախագծում ներկայացված պատմություններն ունեն իրական հիմքեր և անդրադառնում են երևանյան իրականությանը ու կանանց խնդիրներին, որոնց մասին հաճախ բարձրաձայն չի խոսվում։

Գաղափարի հեղինակն ու պրոդյուսերը Իննա Խոջամիրյանն է, ռեժիսորը՝ Հայկ Գաբրիելյանը։ Գլխավոր դերերում են Մանե Մխոյանը, Տաթև Հովակիմյանը, Ռոզի Ավետիսովան և Մարիամ Ադամյանը։

Վեց տարբեր պատմություն և տրամադրություն՝ մեկ հանգստյան օրերի ցանկում։ Մնում է միայն ընտրել՝ ինչից սկսել։

Արման Սարգսյան
September 18, 2026
հանրային հեռուստաընկերություն hanrayin herustaynkerutyun nazeni hovhannisyan mamba inna khojamiryan selavi մամբա mamba Mariam adamyan sos janibekyan round mery kocharyan telman khachatryan chermak shapik
Այլ Նորություններ
TV
«Որոգայթը» վերադառնում է․ հայտարարվել է «Որոգայթ․ Նոր սկիզբ» նախագիծը
Սցենարիստ Հարութ Ղուկասյանը ներկայացրել է առաջին պաստառը, իսկ հայտնի հերոսներից մեկը կրկին կմարմնավորի Հարություն Մովսիսյանը։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Դավիթ Հակոբյանը կմարմնավորի Թադևոսին «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմում
«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմի դերասանական կազմը շարունակում է համալրվել։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառ»-ի հաջորդ կանգառը՝ Գորիս․ Տաթև Ասատրյանը հանդես կգա մենահամերգով
Հանրային հեռուստաընկերության «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը շարունակում է իր շրջագայությունը Հայաստանի տարբեր քաղաքներում։
Կարդալ Ավելին