
«Արմենիա» հեռուստաընկերությունը պատրաստվում է ներկայացնել «Ակադեմիա» նոր սերիալը, որի դերասանական կազմում է նաև Կարեն Ասլանյանը։ Երկու տարվա ընդմիջումից հետո հեռուստատեսություն վերադարձող դերասանը POP անկյունին պատմել է նախագծին միանալու որոշման մասին և հայտնել առաջիկա սերիալի առաջին մանրամասները։
Թեև «Ակադեմիա»-ի ժանրն ու սյուժեն դեռևս չեն բացահայտվում, Ասլանյանը վստահ է, որ նախագիծը կգրավի տարբեր տարիքի հեռուստադիտողների ուշադրությունը։
«Վստահ եմ՝ շատ-շատ երիտասարդներ կսիրեն այս նախագիծը, և կարծում եմ՝ ոչ միայն երիտասարդները, որովհետև այն իսկապես շատ հետաքրքիր է»,– POP անկյունին ասել է դերասանը։
Անդրադառնալով հեռուստատեսություն վերադառնալուն՝ Ասլանյանը պատմել է, որ եթերային դադարն ավարտելու մասին հայտարարելուց կարճ ժամանակ անց ստացել է նոր նախագծին մասնակցելու առաջարկը։
«Երկու տարի անց որոշեցի նորից վերադառնալ նկարահանումների, և շատ չանցած ստացա այս առաջարկը։ Կարծում եմ ու վստահ եմ, որ չեմ սխալվել՝ այն ընդունելով, որովհետև աշխատում եմ ինձ շատ հարազատ մարդկանց հետ, և այդ հանգամանքն ինձ համար իսկապես կարևոր է»։
Դերասանի խոսքով՝ վերադարձի համար ճիշտ ժամանակ է ընտրել։ Նա նաև հայտնել է, որ հեռուստատեսային աշխատանքին զուգահեռ առաջիկայում նախատեսում է ներկայացնել նոր տեսահոլովակներ և այլ նախագծեր։
Ինչ վերաբերում է «Ակադեմիա»-ին, ապա նկարահանումներն արդեն մեկնարկել են։ Ասլանյանը բացահայտել է նաև նախագծի ձևաչափին առնչվող մի մանրամասնություն․ սերիաները երկար չեն լինելու։
«Ուրախալի նորություն ունեմ հատկապես նրանց համար, ովքեր սիրում են ոչ շատ երկար սերիաներով նախագծեր․ «Ակադեմիան» հենց այդպիսի նախագծերից է»,– նշել է նա։
Նոր սերիալի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։