
Տասը տարի առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին, Սիրուշոն ներկայացրեց իր հինգերորդ ստուդիական ալբոմը՝ «Արմատ»-ը, որի հիմքում հայկական երաժշտական ժառանգությունն ու ազգային ինքնության թեմաներն են։
13 ստեղծագործություններից բաղկացած ալբոմում երգչուհին համադրել է հայկական ավանդական ռիթմերն ու ժամանակակից երաժշտական մոտեցումները։ Երգերի խոսքերն արևելահայերեն, արևմտահայերեն և անգլերեն են։
Ալբոմում ընդգրկված են «Զարթոնք», «Դեր Զոր», «301», «Մհեր», «Անկանոն», «Գինի լից» և այլ ստեղծագործություններ։ Դրանց միջոցով Սիրուշոն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, մշակութային ժառանգությանը և ազգային ինքնության պահպանմանը։

«Արմատ»-ի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին՝ Երևան Մոլում։ Միջոցառման ընթացքում երգչուհին կատարել է ալբոմի մի շարք ստեղծագործություններ և հանդիպել երկրպագուների հետ։
Շնորհանդեսին Սիրուշոն նշել էր, որ ալբոմի ստեղծման հիմքում տարիների ընթացքում իր մեջ ձևավորված ազգային արմատների զգացողությունն է, իսկ ստեղծագործական նպատակը՝ հայկական ավանդական ռիթմերի և ժամանակակից երաժշտության համադրությամբ նոր հնչողություն ձևավորելը։