
2006 թվական։ Հայկական հեռուստատեսությունում հայտնվում է «32 ատամ» անունով նոր հումորային ակումբ։ Այն ստեղծել է Վահագն Գրիգորյանը՝ ռուսական Comedy Club-ի ձևաչափից ոգեշնչվելով և այն հայկական հեռուստատեսության համար հարմարեցնելով։
«32 ատամ»-ի շուրջ հավաքված երիտասարդների մեծ մասն այդ տարիներին արդեն հանդես էր գալիս ՈՒՀԱ-ում՝ «Ուրախների և հնարամիտների ակումբում»։ Նրանցից շատերը դեռ լայն ճանաչում չունեին, իսկ նորաստեղծ ակումբը դարձավ այն հարթակը, որտեղ ձևավորվեց «32 ատամ»-ի առաջին կազմը։
Առաջին տարիներից ակումբի կազմում հանդես են եկել Վաչե Թովմասյանը, Արմուշը, Արամ MP3-ն, Գարիկ Պապոյանը, Տիգրան Գևորգյանը և այլք։ Նախագծի ստեղծման և գործունեության մեջ կարևոր դեր է ունեցել նաև պրոդյուսեր Կարեն Բաբայանը։
Ակումբ, ոչ միայն հաղորդում
«32 ատամ»-ի հիմնական տարբերություններից մեկը հենց դրա ակումբային ձևաչափն էր։ Հումորային համարները ներկայացվում էին կենդանի հանդիսատեսի ներկայությամբ, իսկ թողարկումները կառուցվում էին տարբեր թեմաների, կերպարների, հայտնի մարդկանց նմանակումների և առօրյա իրավիճակների շուրջ։
Ակումբի համար առանձին ուղղություն էին տոնական թողարկումները։ Բանակի օր, Բժշկի օր, Ապրիլի 1, Ոստիկանության օր, Վերջին զանգ, Մարտի 8․ տարբեր առիթներ դառնում էին առանձին հումորային ծրագրերի թեմա։
2006–2009 թվականներին «32 ատամ»-ի արտադրությունն իրականացնում էր Sigma TV-ն։ Այդ ընթացքում նախագիծը հեռարձակվել է Առաջին ալիքով, այնուհետև՝ «Նոր ալիքով»։ 2009 թվականին Վահագն Գրիգորյանն ու Կարեն Բաբայանը հիմնադրեցին «32 Production» ընկերությունը, որից հետո նախագծի արտադրությունն անցավ նոր փուլ։
2009 թվական․ վեճը Շանթի հետ
Նույն ժամանակահատվածում «32 ատամ»-ի և Շանթ հեռուստաընկերության միջև առաջացավ վեճ, որը հետագայում հասավ իրավական դաշտ։
«32 Production»-ի ղեկավար Կարեն Բաբայանը հայտարարել էր, որ Շանթը չէր վճարել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար նախատեսված գումարը՝ նշելով շուրջ 12 միլիոն դրամի պարտքի մասին։ Շանթը հակադարձել էր՝ պնդելով, որ պայմանագրային խնդիրներն առաջացել էին արտադրող կողմի գործողությունների հետևանքով և որ հեռարձակման բացառիկ իրավունքը պատկանում էր հեռուստաընկերությանը։
Վեճը շարունակվեց նաև «32 ատամ»-ի նախկին թողարկումների վերահեռարձակման շուրջ։ Դրանից հետո նախագիծը հեռարձակվեց Արմենիա TV-ով։
2010 թվական․ «32 ատամ»-ի պատմության ամենամեծ փոփոխությունը
2010 թվականի հունիսին «32 ատամ»-ի հիմնական կազմի մի շարք անդամներ հայտարարեցին նոր հումորային նախագծի՝ «Վիտամին ակումբ»-ի ստեղծման մասին։
Նոր նախագիծը ստացավ առանձին անուն, տարբերանշան և արտադրական թիմ։ Օգոստոսից «Վիտամին ակումբ»-ը սկսեց հեռարձակվել Շանթ հեռուստաընկերությամբ։
Թե ինչ հանգամանքներ էին հանգեցրել թիմի բաժանմանը, այդ տարիներին տարբեր կերպ է ներկայացվել։ Մամուլի հրապարակումներում խոսվում էր աշխատանքային պայմանների, հեռուստաընկերությունների հետ հարաբերությունների և թիմի ներսում առաջացած խնդիրների մասին։ Հետագա տարիներին «32 ատամ»-ի նախկին և գործող անդամները նույնպես տարբեր առիթներով անդրադարձել են այդ շրջանին։
Միևնույն ժամանակ, 2010 թվականը «32 ատամ»-ի ավարտը չէր։
Թիմի մի մասի հեռանալուց հետո նախագիծը շարունակեց գործել նոր կազմով։ «32 Production»-ի շրջանակում սկսվեց նոր մասնակիցների ներգրավման գործընթաց, և «32 ատամ»-ը շարունակեց եթեր հեռարձակվել արդեն փոփոխված կազմով։
Այսպես, 2010 թվականից հետո հայկական հեռուստատեսությունում միաժամանակ գործում էին երկու առանձին հումորային ակումբներ՝ «32 ատամ»-ն ու «Վիտամին ակումբ»-ը։
«Վիտամին ակումբ»-ը շարունակեց հեռարձակվել մինչև 2015 թվականը, իսկ «32 ատամ»-ի հեռուստատեսային պատմությունը շարունակվեց ևս մի քանի տարի՝ մինչև 2013 թվականը։
20 տարի անց
2006 թվականին սկսված պատմությունը երկու տասնամյակի ընթացքում անցավ մի քանի փուլով՝ նոր ձևաչափի ստեղծումից և առաջին կազմի ձևավորումից մինչև արտադրական փոփոխություններ, հեռարձակման շուրջ վեճ և 2010 թվականի թիմային բաժանում։
«32 ատամ»-ի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի հենց առաջին շրջանը, երբ ՈՒՀԱ-ի բեմից եկած երիտասարդների խումբը միավորվեց մեկ ակումբում, և հայկական հեռուստատեսությունում ձևավորվեց ակումբային հումորի նոր ձևաչափ։
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրանում է «32 ատամ»-ի ստեղծման 20 տարին։