
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է «Ամեն ինչ սկսվեց մեկ երազանքից» ֆիլմի թիզերը, որը պատմում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի մասնակից Naré-ի մասին։
Ֆիլմը ներկայացնում է 13-ամյա երգչուհու առօրյան, հետաքրքրություններն ու երաժշտության հանդեպ սերը՝ հնարավորություն տալով ավելի մոտիկից ծանոթանալ նրա աշխարհին և երազանքներին։
Հրապարակված թիզերում Naré-ն խոսում է այն մասին, թե ինչպես է երաժշտությունն ուղեկցում իրեն առօրյա կյանքում։
«Երաժշտությունն ամենուր է։ Ինձ թվում է՝ աշխարհը երբեք չի լռում։ Ամեն ինչ իր ռիթմն ունի՝ քամին, քաղաքի աղմուկը, բնությունն ու մարդիկ։ Պետք է լսել»,- ասում է երգչուհին։
«Ամեն ինչ սկսվեց մեկ երազանքից» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 24-ին՝ Առաջինի եթերում, «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի ուղիղ հեռարձակումից անմիջապես առաջ։