
Դերասանուհի Ադրինե Աճեմյանը, որը միացել է «Որոգայթ. Նոր սկիզբ» սերիալի դերասանական կազմին, POP անկյան հետ զրույցում առաջին մանրամասներն է հայտնել իր կերպարի մասին։
Դերասանուհու խոսքով՝ իր հերոսուհին ամուսնությունից հետո հայտնվում է մի ընտանիքում, որտեղ ստիպված է հարմարվել մինչ այդ իրեն անծանոթ կանոններին։
«Նա մի աղջիկ է, ով ամուսնությունից հետո հայտնվում է մեկ այլ օրենքներով ապրող ընտանիքում և ստիպված է՝ երբեմն սիրով, երբեմն էլ հանգամանքների բերումով, ընդունել իր կյանքի ու այդ ընտանիքի նոր օրենքները»,- պատմել է Աճեմյանը՝ նշելով, որ առայժմ չի ցանկանում ամբողջությամբ բացահայտել կերպարի մանրամասները։
Անդրադառնալով նկարահանման առաջին օրվան՝ դերասանուհին խոստովանել է, որ նոր թիմի հետ աշխատանքը որոշակի լարվածությամբ է ուղեկցվել, սակայն միաժամանակ մեծ ոգևորություն է առաջացրել։
«Շատ ուրախ եմ, որ միացել եմ նման պրոֆեսիոնալ, իր գործի հանդեպ սրտացավ ու նվիրված թիմի։ Ինձ համար շատ կարևոր է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես սիրում են իրենց աշխատանքը»,- նշել է նա։

Աճեմյանը նաև պատմել է, որ ժամանակին եղել է առաջին «Որոգայթի» ակտիվ հետևորդներից և չէր պատկերացնում, որ տարիներ անց ինքն էլ կմիանա նախագծին։
Խոսելով սերիալի վերադարձի և հանդիսատեսի սպասելիքների մասին՝ դերասանուհին համոզմունք է հայտնել, որ նոր պատմությունը կհետաքրքրի ինչպես առաջին սերիալի երկրպագուներին, այնպես էլ նոր հեռուստադիտողներին։
«Կարծում եմ՝ «Որոգայթ․ Նոր սկիզբ»-ը նոր շունչ է բերելու պատմությանը՝ հետաքրքիր զարգացումներով, անսպասելի շրջադարձերով և բազմաթիվ ինտրիգներով»,- ասել է նա՝ հավելելով. «Նոր պատմություն։ Հին վրեժներ։ Նոր գաղտնիքներ»։
Հիշեցնենք, որ «Որոգայթ. Նոր սկիզբ»-ի իրադարձությունները ծավալվելու են նախորդ պատմությունից 15 տարի անց։ Սերիալում ընդգրկված են ինչպես առաջին նախագծից հայտնի, այնպես էլ նոր դերասաններ։
