
Նոյեմբերի 16-ին Կինոմոսկվայում տեղի ունեցավ Հանրային հեռուստաընկերության «Անկախություն» պատմական հեռուստասերիալի փակ նախադիտումը, որին ներկա էր նաև POP անկյունը։
Միջոցառմանը ներկա են եղել փոփ մշակույթի, արվեստի, հեռուստատեսության և այլ ոլորտների ներկայացուցիչներ։ Հրավիրվածները դիտել են նախագծի առաջին երեք սերիաները։ Կինոթատրոնի մուտքի հատվածում կազմակերպվել էր կարմիր գորգ, իսկ սերիալի տրամադրությամբ ձևավորված լուսանկարվելու գոտում ներկայացված էին նաև նախագծում օգտագործված երկու զգեստները։ Հյուրերի համար նախատեսված էր նաև լուսանկարչական անկյուն։
Ցուցադրությունից հետո երեկոն վարող Համլետ Առաքելյանը ներկայացրեց սերիալի գաղափարն ու պատմական միջավայրը։ 16 մասից բաղկացած նախագիծը ծավալվում է 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում՝ պատմելով երկու ընտանիքնի մասին, որոնց ճակատագրերը միահյուսվում են ժամանակաշրջանի կարևոր իրադարձություններին։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, դիմելով ներկաներին, նշել է, որ նախագծի շուրջ քննարկումները սկսվել են շուրջ մեկ տարի առաջ։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմը երկար է մտածել սերիալի անվան շուրջ և ի վերջո կանգ է առել «Անկախություն» տարբերակի վրա, քանի որ հերոսներից յուրաքանչյուրն իր ճանապարհին ձգտում է անկախության։
Մովսիսյանն ընդգծել է նաև, որ սերիալի գործողությունները ծավալվում են Առաջին Հանրապետության տարիներին՝ հայկական պատմության մի ժամանակաշրջանում, որն, իր գնահատմամբ, դեռևս բավարար չափով չի ներկայացվել գեղարվեստական նախագծերում։ Նա հույս է հայտնել, որ սերիալը կսիրվի հեռուստադիտողի կողմից։

Ելույթի ընթացքում հայտարարվեց նաև Հանրային հեռուստաընկերության սեփական սերիալների և ֆիլմերի արտադրության նոր փուլի մեկնարկը՝ «Առաջին Կինոալիք» բրենդի ներքո։
Այնուհետև նախագծի գլխավոր պրոդյուսեր Լիանա Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և բեմ հրավիրեց ստեղծագործական ու արտադրական թիմին։
Սերիալի գլխավոր դերերում հանդես են գալիս Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանը և Հրանտ Հովսեփյանը։ Դերասանական կազմում են նաև Յուլիա Ֆինկը, Աննա Մանուչարյանը, Ջեմմա Ադամյանը, Ֆրիդա Յորկը, Վարուժ Մարգարյանը, Մինաս Ասրյանը, Վլադիմիր Մսրյանը, Հարություն Հովհաննիսյանը, Արսեն Սաղաթելյանը, Արթուր Բեգջանյանը, Կարապետ Եղոյանը, Արմեն Արշալուսյանը և Սուրեն Գրիգորյանը։
«Անկախություն» սերիալի ռեժիսորն Արման Գևորգյանն է, սցենարի հեղինակը՝ Արման Գիզյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը։
Սերիալի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում։ Նոր նախագիծը հեռուստադիտողներին կներկայացվի յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ։
