Առաջիկա հայկական պրեմիերաները․ 11 ֆիլմ, որ արժե պահել ուշադրության կենտրոնում
Թրիլլերից մինչև ռոմանտիկ կատակերգություն․ ներկայացնում ենք հայկական ֆիլմերը, որոնք առաջիկա ամիսներին և տարիներին կհայտնվեն մեծ էկրաններին։

Հայկական կինոն առաջիկա ամիսներին և տարիներին խոստանում է բազմազան պրեմիերաներ՝ էքզիստենցիալ թրիլերից և կենսագրական դրամաներից մինչև ռոմանտիկ կատակերգություններ, անիմացիոն ֆիլմեր և գրքերի կինոադապտացիաներ։

POP անկյունը հավաքել է հայկական կինոյի ամենասպասված 11 նախագծերը:

«Սև կարապների գիշեր»
Պրեմիերա՝ օգոստոսի 20

Գևորգ Մխիթարյանի էքզիստենցիալ թրիլլերը պատմում է կիբեռանվտանգության ոլորտի առաջատար մասնագետի մասին, որը մեկ գիշերվա ընթացքում փորձում է կանխել իր ստեղծած համակարգի գլոբալ կոլապսը։

Ֆիլմը հայկական կինոյի հետաքրքիր փորձարկումներից մեկն է․ ամբողջ պատմությունը կառուցված է մեկ դերասանի շուրջ՝ դարձնելով այն հազվադեպ մոնոֆիլմ։ Գլխավոր դերում՝ Վարուժան Մարգարյանը։

«Մի գդալ սեր»
Պրեմիերա՝ սեպտեմբերի 3

Հրաչ Քեշիշյանի նոր ռոմանտիկ ֆիլմը հիմնված է գերմանացի գրող Փոփի Ջեյ Անդերսոնի «Կրքի բաղադրատոմս» վեպի վրա։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը։ Պատմության կենտրոնում լրագրողն է, որը կյանքի անսպասելի շրջադարձի արդյունքում հայտնվում է խոհանոցի աշխարհում։ Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում և ԱՄՆ-ում։

«Ճերմակ շապիկ»
Պրեմիերա՝ սեպտեմբերի 10

MONK3-ի առաջին գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոսը Մարկն է, որի կյանքը մեկ ճակատագրական գիշերվա ընթացքում ամբողջությամբ փոխվում է։ Հոգեբուժարանում սկսվող նրա ճանապարհը վերածվում է սիրո, ազատության և ինքնաճանաչման պատմության։

Գլխավոր դերերում՝ Թելման Խաչատրյանը և Մերի Քոչարյանը։

«Մեկին մեկ»
Պրեմիերա՝ սեպտեմբերի 24

Դավիթ Բաբախանյանի նոր կատակերգությունում նկարահանվել են Ռոբերտ Մարտիրոսյանը, Զիրոյանը, Գոհար Ավետիսյանը, Մկրտիչ Արզումանյանը և այլ դերասաններ։

«Մոնթե»
Պրեմիերա՝ նոյեմբեր

Genetic Production-ի նոր ֆիլմը պատմելու է Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։

Մոնթեի դերում հանդես կգա Վլադիմիր Մսրյանը։


«Սերը լեռներում»
Պրեմիերա՝ 2026

Գրիգ Վահրամյանի նոր ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը, Սոնա Մաթևոսյանը, Իննա Խոջամիրյանը, Գոռ Հակոբյանը և այլք։

«Հովհաննես. Ամենայն հայոց մուլտֆիլմը»

Պրեմիերա՝ փետրվարի 19, 2027

Ռուբեն Եսայանի առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը պատմելու է Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին։

Ֆիլմը կներկայացնի մեծ գրողի կենսագրությունը անիմացիոն ձևաչափով, իսկ պրեմիերան նախատեսված է Թումանյանի ծննդյան օրը։

«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2»
Պրեմիերա՝ 2027

Ռուբեն Եսայանի համանուն վեպի կինոադապտացիան կշարունակի առաջին ֆիլմի պատմությունը։

Գլխավոր հերոս Դավիթին կմարմնավորի Միշոն, Խորենի դերում կլինի Բաբկեն Չոբանյանը, Թադևոսի դերը՝ Դավիթ Հակոբյանին, իսկ Էսթերին կմարմնավորի Էթերի Ոսկանյանը։ Դերասանական կազմը շարունակում է բացահայտվել։

«Հայ տղեք»
Պրեմիերա՝ դեկտեմբերի 2, 2027

Հայկ Մարգարյանն ու Միշոն մեծ էկրան են տեղափոխելու «Հայ տղեք»-ի պատմությունը։

Ֆիլմը կլինի խաղարկային, ոչ թե վավերագրական, իսկ գլխավոր հերոսների երիտասարդ տարիները կմարմնավորեն այլ դերասաններ։ Նկարահանումները նախատեսված են այս աշնանը։

«Ռազ»
Պրեմիերան՝ կհայտարարվի

Parie Media-ն պատրաստում է կենսագրական ֆիլմ՝ նվիրված Ռազմիկ Ամյանին։

Նախագծի առաջին ազդագիրը ներկայացվում է հետևյալ խոսքերով.

«Բոլորը գիտեին նրա ձայնը, բայց ոչ ոք՝ լռությունը»։

Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ
Պրեմիերան՝ կհայտարարվի

Գոշ Հակոբյանի նոր նախագիծը ոգեշնչված է Շավարշ Կարապետյանի իրական պատմությամբ։

Ռեժիսորի խոսքով՝ սա պարզապես կենսագրական ֆիլմ չի լինելու, այլ պատմություն անձնազոհ մարդկանց մասին, որոնք պատրաստ են վտանգել սեփական կյանքը՝ ուրիշներին փրկելու համար։

Հայկական կինոյի առաջիկա տարիները, կարծես, խոստանում են բավական հագեցած լինել։ Թրիլլերներ, կենսագրական դրամաներ, ռոմանտիկ կատակերգություններ, անիմացիոն ֆիլմեր և երաժշտական պատմություններ՝ ընտրության պակաս հաստատ չի լինի։

August 6, 2026
Այլ Նորություններ
TV
«88»․ Սամվել Թադևոսյանը՝ ժամանակի միջով ճանապարհորդող լրագրողի դերում
10 մասից բաղկացած նոր դրամատիկ և գիտաֆանտաստիկ սերիալի պատմությունը զարգանում է 2026 թվականի Երևանի և 1988 թվականի Հայաստանի միջև։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ֆուլ հաուս 2»-ի պրեմիերան նախատեսված է 2028 թվականի հունվարին
Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ հաուս»-ը վերադարձավ հայկական բեմ՝ շրջագայության առաջին կանգառով։
Կարդալ Ավելին
MUSIC
Հայաստանը «Նոր ալիք»-ում․ ավելի քան երկու տասնամյակ միջազգային բեմում
Առաջին մասնակցությունից մինչև չորս հաղթանակ․ «Նոր ալիք 2026»-ի մեկնարկից առաջ վերհիշում ենք Հայաստանի ճանապարհը մրցույթում:
Կարդալ Ավելին