
Երևանի պատկերով ստեղծվող EVN VIBE համակարգչային խաղի պաշտոնական թրեյլերն արդեն հրապարակվել է՝ առաջին ամբողջական հայացքը տալով նախագծի խաղային աշխարհին։ Թրեյլերի թողարկումից հետո POP անկյունը զրուցել է խաղի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանի հետ և պարզել՝ ինչ հնարավորություններ է ունենալու խաղացողը վիրտուալ Երևանում և ինչ ուղղությամբ կարող է զարգանալ նախագիծը։
EVN VIBE-ը չի սահմանափակվելու միայն հիմնական սյուժեով։ Բաց աշխարհում խաղացողը կկարողանա ազատ շրջել Երևանում, մեքենա վարել, աշխատել և առաքումներ կատարել։
«Հանգիստ կարող ես ուղղակի Երևանով մեքենա վարել, տաքսի քշել, առաքումներ անել։ Աշխարհը լրիվ բաց է, ինչ ուզես՝ կարող ես անել»,– POP անկյունին ասել է Թադևոսյանը։
Միաժամանակ խաղացողի ընտրությունները կարող են փոխել պատմության զարգացումը։ Պրոդյուսերի խոսքով՝ սյուժեն կարող է տարբեր ուղղություններով ընթանալ, իսկ հիմնական խաղային պատմության տևողությունը նախատեսվում է շուրջ 6–8 ժամ։
EVN VIBE-ի առաջին տարբերակի աշխարհը կենտրոնացած է լինելու Երևանի վրա, սակայն մայրաքաղաքը պարտադիր չէ, որ հետագայում մնա խաղի աշխարհագրական սահմանը։
«Նախնական՝ առաջին տարբերակում Երևանն է լինելու։ Հետո արդեն, ինձ թվում է, կմեծանա․ կախված է խաղի հաջողությունից»,– ասել է Թադևոսյանը։
Խաղի գլխավոր հերոսներին մարմնավորում և հնչյունավորում են ռեփեր Միշոն և դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։ Ըստ Թադևոսյանի՝ ընտրությունը կապված է EVN VIBE-ի ստեղծագործական ուղղության հետ․ հեղինակները ցանկանում են խաղում փոխանցել 2000-ականների Երևանի մթնոլորտը։
«Մենք այս խաղով ուզում էինք 2000-ականների Երևանի vibe-ը ցույց տալ, իսկ Միշոն ու Նազենի Հովհաննիսյանը հենց 2000-ականների vibe-ի մաս են և երևի ամենալավն են այդ ժամանակաշրջանի մեջ»,– ասել է պրոդյուսերը։
EVN VIBE-ի ստեղծման աշխատանքները սկսվել են մոտ մեկ տարի առաջ։ Թադևոսյանի խոսքով՝ նախագիծն արագ տեմպով է զարգանում, իսկ վիրտուալ Երևանի ստեղծման համար քաղաքի շենքերը մոդելավորվում են առանձին։
«Այսպիսի խաղ Հայաստանը չի ունեցել՝ այսպիսի բյուջեով, ծավալներով ու չափով։ Պատկերացրեք՝ ամեն շենքն առանձին 3D հավաքվում է»,– նշել է նա։
Խաղն արդեն ունի դեմո տարբերակ, իսկ պաշտոնական թողարկումը նախատեսված է 2027 թվականի ապրիլին։