Դասարանից դասարան․ ինչպես փոխվեցին հայկական հեռուստատեսության դպրոցական սերիալները
Հայկական հեռուստատեսության գրեթե յուրաքանչյուր սերունդ ունեցել է իր դպրոցական սերիալը։ Մի սերունդ մեծացել է «Հրեշտակների դպրոցի» հետ, մյուսը՝ «Էլենի օրագրի» կամ «Ոսկե դպրոցի», իսկ այսօրվա դեռահասներն արդեն ունեն «Մի գեղեցիկ օրը»։ Տարիների ընթացքում այս նախագծերը դարձել են տարբեր սերունդների հիշողությունների մի մասը՝ արտացոլելով դպրոցական առօրյան, առաջին սերը, ընկերությունը, դժվարությունները և մեծանալու ճանապարհը։
2010․ «Հրեշտակների դպրոցը»

Առաջին ալիքի եթերում ցուցադրված այս դրաման դպրոցական կյանքը ներկայացրեց իր ողջ բազմաշերտությամբ՝ աշակերտների հարաբերություններ, կոնֆլիկտներ, մեծանալու դժվարություններ։ Գլխավոր դերակատարների շարքում էին Տիգրան Մակարյանը, Տաթևիկ Ադումյանը, Արման Առաքելյանը և Նարեկ Առաքելյանը։ Սերիալն արագորեն դարձավ ամենաքննարկվող հեռուստանախագծերից մեկը՝ հավաքելով բարձր վարկանիշ և հասարակական մեծ արձագանք, ինչը հաստատեց, որ դպրոցական թեման հայ հեռուստադիտողի համար առանձնահատուկ ուժ ունի։

2017․ «Էլենի օրագիրը» և «Ոսկե դպրոց»

Յոթ տարի անց դպրոցական թեման զարգացավ միանգամից երկու ւղղությամբ։

«Էլենի օրագիրը» («Շանթ ՀԸ») հեռուստադիտողին ներկայացրեց ավելի դրամատիկ պատմություններ՝ կենտրոնանալով դեռահասների հարաբերությունների, ընտանիքի, սոցիալական անհավասարության, առաջին սիրո և հիասթափությունների վրա։ Գլխավոր դերերում էին Իննա Խոջամիրյանը, Մարինկա Խաչատրյանը, Սիսիան Սեփանյանը և Էդգար Իգիթյանը։

Միևնույն ժամանակ «Ոսկե դպրոցը» («Արմենիա TV») ընտրեց կատակերգական ձևաչափը։ Վաչե Թովմասյանի գլխավոր դերակատարմամբ սիթքոմը դպրոցական միջավայրը ներկայացրեց հումորային տեսանկյունից՝ ստեղծելով հայկական հեռուստատեսության ամենահիշվող կատակերգական նախագծերից մեկը։

2022․ «Հատուկ դասարան»

«Հատուկ դասարանը» («Շանթ ՀԸ»), որի սցենարի հեղինակը կրկին Անի Մաղաքյանն էր, դպրոցական թեմային մոտեցավ ավելի սոցիալական տեսանկյունից։

Սերիալը խոսում էր ընտանեկան խնդիրների, դեռահասների հոգեբանական դժվարությունների, խտրականության և երկրորդ հնարավորության մասին՝ պահպանելով նաև հումորն ու երիտասարդական մթնոլորտը։ Իսկ գխավոր դերերում հանդես էին գալիս Հրանտ Հովսեփյանը, Դալիթա Ավանեսյանը, Բորիս Մելքոնյանը և Մերի Քոչարյանը։

2022. «4 երազանք»

Նույն թվականին Առաջին ալիքի եթերում իր տեղը գտավ նաև «4 երազանքը», որը հասցեագրված էր և՛ երեխաներին, և՛ ծնողներին։ Սերիալը հարցադրում էր անում՝ ինչպես են դպրոցականները պայքարում և քայլ առ քայլ իրագործում իրենց նպատակները։ Դերասանական կազմում էին  Հարություն Խաչատրյան, Արտուշ Բաղդասարյան, Մարիա Պետրոսյան, Արա Հարությունյան, Հայկ Հովհաննիսյան. սերիալն արագորեն հասավ նաև երկրորդ եթերաշրջանի։

2026․ «Մի գեղեցիկ օր»

Այս շղթայի ամենաթարմ նախագիծը «Մի գեղեցիկ օր» սերիալն է («Շանթ ՀԸ»)։ Սցենարի հեղինակը կրկին Անի Մաղաքյանն է, ով տարիների ընթացքում դարձել է հայկական պատանեկան սերիալների ամենաճանաչված հեղինակներից մեկը։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Մարալ Գասպարյանը և Էրիկ Թամամյանը։ Սերիալը շարունակում է անդրադառնալ դպրոցական կյանքի, սիրո, ընկերության և դեռահասների առջև կանգնած մարտահրավերների թեմաներին՝ արդեն նոր սերնդի հերոսներով։

Երգեր, որոնք դարձան ավելին, քան պարզապես սաունդթրեք

Դպրոցական սերիալների հաջողության կարևոր բաղադրիչներից մեկը միշտ եղել է երաժշտությունը։

ՀՏ Հայկոյի «Սիրո հասակը», Նարե Գևորգյանի «Արևը», Լավ Էլիի «The Beginning»-ը և այսօր արդեն Նարեկ Կոսմոսի «Արի հանդիպենք»-ը դարձել են հիշողություններ, որոնք առաջին իսկ ակորդներից հանդիսատեսին վերադարձնում են իրենց դպրոցական տարիներ, սիրելի հերոսների և էկրանային պատմությունների մոտ։

Ինչո՞ւ են այս սերիալները կարևոր

Հայկական հեռուստատեսության դպրոցական սերիալները վաղուց անցել են պարզապես ժանր լինելու սահմաններից։ Դրանք յուրաքանչյուր սերնդի համար դարձել են իրենց ժամանակի յուրահատուկ արտացոլումը՝ իրենց լեզվով, խնդիրներով, սիրով և երազանքներով։

Գուցե տարիներ անց այսօրվա դեռահասները նույն ջերմությամբ հիշեն «Մի գեղեցիկ օրը», ինչպես այսօր հիշում են «Հրեշտակների դպրոցը» կամ «Էլենի օրագիրը»։ Որովհետև դպրոցական սերիալները փոխվում են, բայց նրանց թողած հիշողությունները՝ ոչ։

Արման Սարգսյան
July 16, 2026
Դասարանից դասարան․ ինչպես փոխվեցին հայկական հեռուստատեսության դպրոցական սերիալները Dasaranic dasaran․ inchpes poxvecin haykakan herustatesutyan dprocakan serialnery
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեծ էկրանին. կայացել է սերիալի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունը
FrankFilms-ի դեբյուտային նախագիծը մոտենում է ավարտին։ POP անկյունը ներկայացնում է Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրությունից լուսանկարներն ու մանրամասները։
Կարդալ Ավելին
MUSIC
Երևանը հյուրընկալեց «Դասական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանը՝ մրցանակակիրների եռյակում
Երևանում հունիսի 6-ին կայացած «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Հայաստանը ներկայացնող 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Սամվել Թադևոսյանը և Շողակաթ Վարդանյանը միացել են Եվրոպական կինոակադեմիային
Եվրոպական կինոակադեմիան համալրվել է հայ կինոգործիչներով․ անդամների թվում են Շողակաթ Վարդանյանն ու Սամվել Թադևոսյանը
Կարդալ Ավելին