
Սեպտեմբերի 14-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Mitoyan Production-ի և Art Platform Production-ի համատեղ նախագծի՝ «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացման պրեմիերան։
Լյուդվիգ Հարությունյանի սիրո դրամայի կենտրոնում երկու անանուն կերպարներ են, որոնց պատմությունը զարգանում է պատերազմի պայմաններում։ Իննա Խոջամիրյանի մարմնավորած աղջիկը սկզբում զինվորի՝ Ռուբեն Մուրադյանի կերպարի գերին է։ Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները փոխվում են, և նրանց միջև սեր է ծնվում։ Ներկայացման երրորդ կերպարը ևս զինվոր է՝ Արամ Կարախանյանի մարմնավորմամբ, սակայն նրա կերպարը տարբերվում է մյուս զինվորից։
Թեև ներկայացման հիմքում «Ռոմեո և Ջուլիետ»-ի հայտնի սիրո պատմությունն է, բեմում Շեքսպիրի դասական ստեղծագործության վերարտադրությունը չէ։ Իննա Խոջամիրյանի խոսքով՝ ներկայացման ստեղծագործական թիմը չի փորձել անդրադառնալ կամ վերափոխել Շեքսպիրի ստեղծագործությունը, այլ ստեղծել է սեփական պատմությունը՝ պահպանելով Ռոմեոյի և Ջուլիետի թեմայի համամարդկային բնույթը։
«Ռոմեո և Ջուլիետ»-ի պատմությունները, ըստ դերասանուհու, կարող են հանդիպել տարբեր ժամանակներում ու վայրերում, իսկ յուրաքանչյուր մարդ իր կյանքում կարող է ունենալ այդ պատմության սեփական տարբերակը։
Ներկայացման մեջ սիրո թեման միաժամանակ դիտարկվում է պատերազմի և մարդկային հարաբերությունների համատեքստում։ Բեմում հնչող «Սիրելով՝ սիրելի չեն դառնում» միտքը դառնում է պատմության կարևոր շեշտադրումներից մեկը։
POP անկյունի հետ զրույցում Ռուբեն Մուրադյանն անդրադարձել է նախագծի ստեղծման ճանապարհին՝ այն համարելով մեծ աշխատանք և նոր փորձառություն։ Դերասանն առանձնացրել է նաև այս ընթացքում ձեռք բերած մասնագիտական ու մարդկային կապերը՝ նշելով, որ ներկայացման ստեղծման ընթացքում ապրած զգացողություններն ու փորձը իր հետ կմնան նաև հետագայում։
Արամ Կարախանյանի կերպարը ներկայացման մյուս հերոսներից առանձնանում է նաև նրանով, որ բեմում խոսք չունի։ Դերասանի խոսքով՝ փորձերի ընթացքում կերպարի ներքին աշխարհը կառուցվել է նրա գործողությունների և վարքագծի միջոցով։ Նա նշել է, որ ամենադժվար փուլերից մեկը ստեղծված մտքերն ու որոշումները պահելն էր իր ներսում, քանի որ ռեժիսորի առաջարկած բեմական լուծումը կերպարին տանելու էր այլ ճանապարհով։
Ներկայացման պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, նկարչական ձևավորումը՝ Հրաչ Քեշիշյանի, պրոդյուսերը՝ Արման Միտոյանը։
POP անկյունը նույնպես ներկա էր ներկայացման պրեմիերային և ներկայացնում է երեկոյի կադրերը։













